Գլխավոր > Տուրեր Հայաստանից > ՉԻՆԱՍՏԱՆ
ՉԻՆԱՍՏԱՆ
Մշակույթը
Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն։ Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը։ Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը։ Չինական Ցին Շի Հուանդի կայսրի հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է հոծ պատ՝ Չինական մեծ պարիսպը (երկարությունը՝ 6250 կմ, բարձրությունը՝ 6,6–10 մ, լայնությունը՝ հիմքում 6,5 մ, վերևում 5,5 մ), որը միակ ձեռակերտ կառույցն է, որ կարելի է անզեն աչքով տեսնել տիեզերքից։ 2007 թ-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում։ Չինաստանը նաև փիլիսոփայական մտքի զարգացման, արևելյան բժշկության հայրենիքն է։ Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները։ Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ։ Մայրաքաղաք Պեկինը (չինարեն՝ Բեյջին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) աշխարհի հնագույն քաղաքներից է. հիշատակվում է մ.թ.ա. II հազարամյակից։ Պեկինի կենտրոնում է գտնվում «Ներքին քաղաքը»՝ բազմաթիվ պալատներով, պուրակներով, լճերով, իսկ միջնադարյան պարիսպներով շրջափակված արվարձանները կազմավորում են «Արտաքին քաղաքը»։ Խոշոր քաղաքները զարգացման չինական եղանակի՝ ազատ տնտեսական գոտիների մասեր են։




